Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ներքին առաջնությունները պակաս հետաքրքիր չեն

Ներքին առաջնությունները  պակաս հետաքրքիր չեն
23.10.2012 | 11:18

Երեքշաբթի Չեմպիոնների լիգայի հերթական խաղերն են: Նաև այս հենքի վրա հետաքրքրական է, թե եվրոպական գրանդ ու առաջատար ակումբները դրանց ընդառաջ ինչ հանդիպումներ ունեցան ներքին առաջնություններում: Նաև ենք ասում, որովհետև նրանց ազգայինի առանձին հանդիպումներ ֆուտբոլային բարձրակարգ իրադարձություններ են:

Վերջին էլ կլասիկոյից հետո կատալոնյան «Բարսելոնն» ու Մադրիդի «Ռեալը», որքան էլ առաջնության կատաղի մրցավազքի մեջ, այդուհանդերձ, հանգստանալու, շունչը տեղը բերելու հնարավորություն էին ստացել` ի դեմս «Դեպորտիվոյի» ու «Սելտայի» հետ հանդիպումների: «Ռեալը», որ առժամանակ զրկվել է պաշտպաններ Մարսելոյի ու Կոենտրանի, կիսապաշտպան Արբելոայի ծառայություններից (իրենց երկրների ազգայինների կազմում հանդես գալիս տարբեր կարգի վնասվածքներ են ստացել), սեփական հարկի տակ երեք միավոր վաստակեց «Սելտայի» հետ պայքարում: Թեկուզև տասնմեկմետրանոցից, դաշտից առանց գոլի չհեռացավ Քրիշտիանու Ռոնալդուն` դրանց թիվը հասցնելով իննի:
Լավագույն ռմբարկուի կոչման համար պորտուգալացու հետ հեռակա պայքարում (ընթացիկ մրցաշրջանում նրանց է միացել և կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն Մադրիդի «Աթլետիկոյից») անգոլ չմնաց և Մեսին, ում հեթտրիկն այս անգամ նաև ոչ ֆուտբոլային «երանգ» ուներ: Բանն այն է, որ ժամեր անց արգենտինացին դառնալու էր հայր (այս առիթով սպասվում էր նույնիսկ, որ նա կարող էր բաց թողնել հանդիպումը), և զավակի ծնունդը չէր կարելի առանց գոլային հրավառության թողնել: Ինչ-որ չափով խորհրդանշական բան է ստացվում, սակայն մեր ընթերցողն էլ մեզ հետ արդեն վարժվել է թվերի կախարդանքի ոչ պատահական լինելուն. երեխայի լույս աշխարհ գալուց առաջ Մեսին տասնմեկ գնդակով գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցանկը:
Սակայն «Դեպորտիվոյի» հետ խաղը Լիոնել Մեսիի հեթտրիկով ու նրա առաջնեկի ծննդի սպասումով միայն աչքի չընկավ: ՈՒնենալով պակաս թվակազմ (քառասունիններորդ րոպեին խաղից հեռացվել է Խավիեր Մասկերանոն)` «Բարսելոնը» տանտերերին հաղթեց 5:4 հաշվով (մրցակցին մեկ գոլով էլ «օգնեց» Խորդի Ալբան` դառնալով գեղեցիկ ինքնագոլի հեղինակ): Սա բավականին խոշոր հաշիվ է, ինչ-որ տեղ անգամ ոչ ֆուտբոլային և ավելի քան խոսուն փաստ կատալոնյան ակումբի պաշտպանական գծի ոչ լավագույն ժամանակների մասին: Այս խաղից մի փաստ էլ կուզենայինք առանձնացնել` «Դեպորտիվոյի» երկրպագուների անմնացորդ նվիրվածությունն իրենց թիմին, որքան էլ պարտությունը ցավոտ ու մրցաշարային վիճակը տագնապալից է (ութ խաղից հետո վեց միավորով այս ակումբն ընթանում է վերջից երրորդ հորիզոնականում):
Հաղթական ավարտ ունեցավ նաև «Աթլետիկոյի» հանդիպումը «Ռեալ Սոսիեդադի» հետ: Միակ գոլի հեղինակը Ֆալկաոն է: Նա իր թիմին հաղթանակ է բերել խաղի իննսուներորդ րոպեին` դարպասը գրավելով տուգանային հարվածով: Ի դեպ, պրոֆեսիոնալի իր կարիերայում առաջին անգամ: Մադրիդցիները բարսելոնցիների պես արդեն ունեն քսաներկու միավոր, իսկ կոլումբիացին ռմբարկուների մրցավազքում ինը գոլով նորից «նստեց» Մեսիի «պոչին»:
Անցնենք մառախլապատ Ալբիոն:
Լոնդոնյան «Չելսի»-«Տոտենհեմ» դերբիից հետո Ռոման Աբրամովիչի թիմն ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Սակայն այս խաղն առանձնանում էր նաև մեկ այլ առումով: Անդրե Վիլաշ-Բոաշը, հարկավ, այն էլ սեփական հարկի առավելությունից օգտվելով, ցանկանում էր «ցավեցնել» իր նախկին թիմին` դրանով իսկ փորձելով ապացուցել, որ ակումբից իրեն հեռացնելն անարդարացի է եղել:
Սակայն միայն ցանկությունը բավարար չեղավ:
Խաղում շոշափելիորեն զգացվեցին «Չելսիի» մարզիչ դի Մատեոյի ընտրած ճիշտ մարտավարությունն ու ֆուտբոլիստների կատարողական ավելի բարձր վարպետությունը, իսկ Խուան Մատան պարզապես փայլեց, և այստեղ խնդիրը նրա երկու գոլի հեղինակ դառնալը չէր սոսկ: Երեք րոպեի ընթացքում իսպանացին նախ վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա և առաջ մղեց իր թիմին, իսկ հանդիպման ավելացված ժամանակում նրա փոխանցումից հետո Դենիել Սթարիջը հաշիվը դարձրեց ավելի տպավորիչ` 4:2:
Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև «Մանչեստր Յունայթեդ»-«Սթոք Սիթի» հանդիպումում: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմի գոլերից երկուսը հանրահայտ ՈՒեյն Ռունիի ակտիվում են, ում գոլային հոտառությունը նորից վերականգնվել է: Սակայն հանուն ճշմարտության ասենք, որ խաղի ընթացքում տաղանդավոր այս մարզիկը երեք գոլի հեղինակ է դարձել, պարզապես դրանցից մեկը, որ առաջինն էր, սեփական դարպասն է ուղարկել:
Օրը հաղթական էր մանչեստրյան մյուս ակումբի` «Սիթիի» համար, որն արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ ու «Յունայթեդի» հետ տասնութ միավորով «Չելսիից» գտնվում է չորս միավորի հեռավորության վրա:
Անգլիայից անցում կատարենք Գերմանիա:
Կրկին փայլեց «Բավարիան»` բունդեսլիգայի առաջնությունում անպարտ խաղերի շարքը հասցնելով ութի: Սա գերմանական թիմերի երբևէ ունեցած լավագույն մեկնարկն է: Հյուրընկալվելիս մյունխենցիները 5:0 հաշվով առավելության հասան Դյուսելդորֆի «Ֆորտունայի» նկատմամբ: Ինչ վերաբերում է երկրի չեմպիոնին, Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Շալկե 04»-ին և, ինչպես կասեին ռուսները, զիջեց «տՏ Պպսց»։
Իտալիայի առաջնության թիվ մեկ հանդիպումը «Յուվենտուս»-«Նապոլի» դիմակայությունն էր: Հաղթանակը կողմերից յուրաքանչյուրին բերելու էր առաջնության աղյուսակի գլխամաս: Թիմերը գործում էին մեծ զգուշությամբ` խստորեն հետևելով սեփական դարպասն անառիկ պահելու մարտավարությանը: Ասել, թե դրանից հանդիպումը կորցրեց դիտարժանությունը, սխալ կլինի, որովհետև մեծ վարպետների խաղում սկզբունքորեն ամեն ինչն է հետաքրքիր: Այստեղ հանդիպման ելքի որոշման առումով առանձնացավ խաղի վերջին տասը րոպեն: Կասերեսն ու Պոգբան երկու րոպեի ընթացքում դրեցին ու ամրապնդեցին «Յուվեի» հաղթանակի հիմքը: Հետաքրքրական է, որ այս հանդիպումով թուրինցիների անպարտ խաղերի քանակը դարձավ քառասունյոթ, ինչը, խոստովանենք, տպավորիչ ցուցանիշ է:
Չեմպիոնների լիգային մասնակցող իտալական մյուս թիմը` «Միլանը», արտագնա խաղում զիջեց «Լացիոյին»: Ճիշտ է, 3:0 հաշվից հետո Յոնգը հույսի աղոտ նշույլներ արթնացրեց միլանցիների մեջ, իսկ Ստեֆան Էլ Շարավիի գոլը` նաև խաղը փրկելու որոշակի հույս, սակայն այդ օրը «Միլանը» դատապարտված էր պարտության, որովհետև «Լացիոն» ավելի ստեղծագործաբար էր գործում` չհաշված ֆուտբոլիստների մեջ եղած կրակը` հաղթելու անկոտրում ձգտումը:
Ֆրանսիայի առաջնությունում ութ տուր շարունակ պարտություն չճանաչող ՊՍԺ-ն այդպիսին մնաց նաև «Ռեյմսի» հետ հանդիպումում: Նվազագույն հաշվով հաղթանակը փարիզյան թիմին դարձրեց առաջնության առաջատար: Նույնքան` տասնինը միավոր ունի նաև «Մարսելը», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել: Միջանկյալ նշենք, որ ՊՍԺ-ի նկատմամբ հետաքրքրությունը եվրոպական ֆուտբոլում մեծացել է նրանով, որ փարիզցիները վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ ագրեսիվ քաղաքականություն են վարել, ինչը պիտի տար արդյունք: Ճիշտ է, թիմի խաղն առայժմ սպասվածի չափ տպավորիչ չէ, սակայն այն անդուլ կերպով միավորներ է վաստակում:
Ռուսաստանի առաջնությունը, ինչ խոսք, չես դասի եվրոպական էլիտայի շարքին, սակայն եկեք հիշատակենք և այն, քանի որ այստեղ մեզ հետաքրքրող բաներ կան: Հիմնականում նկատի ունենք «Կուբանի» ու «Կրասնոդարի» կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստներին: «Զենիթ»-«Կուբան» հանդիպումում գրանցվեց 1:0 հաշիվ` հօգուտ առաջինի, ԲԿՄԱ-ն, հաղթելով «Ռուբինին» (2:0), բարձրացավ երկրորդ հորիզոնական` քսանյոթ միավորով, իսկ առաջատարը շարունակում է մնալ «Անժին», որը հերթական խաղում գերազանցեց Մոսկվայի «Սպարտակին» ու ներկայումս ունի քսանինը միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ